Մեծ պահքի Միջինքի օրը, մարտի 22-ը Ջավախքում նշանավորվեց Հայկական գաթա փառատոնով: 6 տարի առաջ ձեռնարկված այս գեղեցիկ նախաձեռնությունը վերածվել է սպասված ավանդույթի, որն իր շուրջն է համախմբում բազմաթիվ մարդկանց, տարբեր բնակավայրերից:

Հայկական գաթա փառատոնը տարեցտարի ընդլայնվում է՝ ոչ միայն գաթաների տեսակով ու ձևավորմամբ, այլև մասնակիցների աշխարհագրությամբ: Կանայք սիրով իրենց մասնակցությունն են ցուցաբերում այս գեղեցիկ միջոցառմանը: Սա եզակի առիթ է ներկայացնելու ջավախքյան գաթայի համը:

Փառատոնի մեկնարկը տրվեց Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում Տերունական աղոթքով: Այնուհետև Հայաստանից ժամանած «Ծաղկազարդ» երգչախումբն իր հոգեպարար երգեցողությամբ ջերմացրեց ներկաների սրտերը: Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը Ջավախքում հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդն օրհնելով գաթաները, հույս հայտնեց, որ փառատոնը նպաստում է, որպեսզի մեր ազգային սովորույթները նորովի ներկայացվի և պահպանվի:

Իսկ այն կանայք, ովքեր սեփական ձեռքերով պատրաստած գաթայով էին ներկայացել փառատոնին ՋԱՀ-ի կողմից նվեր ստացան գոգնոցներ՝ Հայկական գաթա տարբերանշանով։ Համաջավախքյան այս փառատոնին աջակցել է նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու 2017թ․ խաչի քավոր Աղասի Կարաբեկյանը:

«Ջավախք» վերտառությամբ Պահոց և փառատոնի այսպես ասած՝ մայր գաթան փոխանցվեց Ախալքալաքի Վրաց եկեղեցու առաջնորդին:

Փաառատոնին ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները, ՋԱՀ-ի գործադիր տնօրենը, պաշտոնյա այրեր, մշակույթի գործիչներ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք», ինչպես նաև «Վաչիան» պարային համույթները, ուխտավորներ Երևանից, Գյումրիից և Վրաստանի տարբեր բնակավայրերից։

Ջուլիետա Տոնականյան
Աղունիկ Այվազյան