Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի բնակիչները բազում խնդիրներ են թվարկում, սակայն դեռ չեն բողոքում։

«Տղաները գնում են արտագնա աշխատանքի, իսկ աղջիկները պսակվում են», – պատմում է մանկավարժ Շուշան Պալյանը, երբ խոսում է Բուղաշենի երիտասարդների մասին։

«Անցած տարի ունեինք 11 շրջանավարտ, սակայն միայն երկուսն են որոշել շարունակել ուսումը։ Ուսանողներից մեկը նախընտրեց Երևանում սովորել, իսկ մյուսը Թբիլիսիում։ Վատ չեն սովորում, ուղղակի ֆինանսական խնդիրներից ելնելով հիմնականում չեն շարունակում»,- ասաց Շուշան Պալյանը։

Բուղաշենը ունի 125 տնտեսություն, իսկ բնակիչների մեծամասնությունը ապրուստի հիմնական միջոցները արտագնա աշխատանքի միջոցով է վաստակում։ Բուղաշեն գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, սակայն դրանցից ստացած եկամուտը գյուղացիներին այնքան էլ չի գոհացնում։

«Գյուղացին հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, այն էլ կարտոֆիլը արժեք չունի, հիմա ասում են թանկացել է, բայց եթե սերմը գնում ենք երկու կամ երեք լարիով, ինչքան պիտի թանկանա, որ վաճառենք գինը հանենք ու մի բան էլ օգուտ ունենանք, չհաշված քիմիկատները, որոնք օգտագործում ենք մշակման ընթացքում», – մեզ հետ զրույցում ասաց Բուղաշեն գյուղի բնակիչ Շուշան Պալյանը։

Ինչպես Ախալքալաքի շրջանի մյուս գյուղերում, այնպես էլ այսեղ, արտագաղթն իր հետևանքներն է թողել, սակայն գյուղի դպրոցի վերանորոգումից հետո արտագաղթի հոսքը համեմատաբար նվազել է։

«Դպրոցի կառուցմանը զուգահեռ նվազել է նաև գյուղից արտագաղթը, չնայած հիմա էլ կա բայց շատ քիչ, հիմնականում Ռուսաստան են գնում, շատ հազվադեպ է պատահում, որ Հայաստան գնան»,- ասաց Բուղաշեն գյուղի բնակիչ Ռոբերտ Ավագյանը։

Բնակիչները միայն հողագործությամբ և անասնապահությամբ չեն կարող լիարժեք ապրուստ ապահովել, ինչից ելնելով էլ ընտրում են արտագնա աշխատանքի ճանապարհը։ Գյուղում ամենաշատ կարտոֆիլ մշակողի հողամասը երկու հեկտարի է հասնում, անասնապահության ոլորտում էլ հետաճ է նկատվում։ Ոչխարները կարելի է ասել վերացրել են, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների քանակն էլ շատ չէ՝ ամեն ընտանիք մոտավորապես չորս կենդանի, կամ ավելի քիչ։

«Եթե արտագնա աշխատանքի չգնան հնարավոր չի լինի միայն կարտոֆիլ մշակելով ապրել, օրինակ իմ ամուսինը արտագնա աշխատանքի չի գնում, կարտոֆիլ է մշակում և ամբողջ ընտանիքով աշխատում ենք, բայց այնպես չենք ապրում, ինչպես արտագնա աշխատող ունեցող ընտանիքները», – ասաց Շուշանը։

Բուղաշենում բուժկետ չկա, սակայն գյուղում ունեն բուժքույր, բայց ի տարբերություն գյուղին, այլ է պատկերը դպրոցում, որտեղ գոյություն ունի բոլոր հարմարություններով բուժկետ, սակայն չկա աշխատող։

Չնայած այս ամենին Բուղաշենում մարդիկ շարունակում են ապրել և չեն բողոքում իրենց կյանքից:

Ջուլիետա Տոնականյան