Այսօր, երկօրյա պաշտոնական այցով Վրաստան կժամանի Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի կառավարության ղեկավարին կդիմավորի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին: Հետո կառավարության ադմինիստրացիայում կկայանա դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ավարտին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դեմ առ դեմ կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ:

Նախատեսվում է նաև ընդլայնված հանդիպում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների անդամների մասնակցությամբ: Ավելի ուշ երկու երկրների վարչապետները համատեղ հայտարարությամբ հանդես կգան ԶԼՄ-ների համար:

Ուղևորության ընթացքում Հայաստանի վարչապետին ուղեկցում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Քարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Կարեն Կարապետյանը կայցելի Թբիլիսի վրացի գործընկերոջ՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով: Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը կհանդիպի նաև նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: