ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը Ախալքալաքում անցկացրեց տեղեկատվական հանդիպում այն մասին, թե ինչ է անհրաժեշտ առանց մուտքի արտոնագրային ռեժիմի պայմաններում Եվրոպա ուղևորության համար :

Այսօր Ախալքալաքի Ապագայի տանը «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա»(GRASS) ոչ պետական կազմակերպության փոխտնօրեն Գիորգի Գոգուաձեն պատասխանեց Ախալքալաքի բնակչության հարցերին, որոնք հիմնականում վերաբերվում էին ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմին, ինչպես նաև ԵՄ-ի և Վրաստանի միջև համագործակցությանը:

Հանդիպման մասնակիցները հարցեր էին տալիս հիմնականում փաստաթղթերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ԵՄ երկրներ մեկնելու համար, երբ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը սկսի գործել: Հավաքվածներին նաև հետաքրքրում էին այն պատճառները, ինչի համար կարող են արտաքսել Եվրամիության երկրներից:

Նմանատիպ հանդիպում տեղի էր ունեցել նաև Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում:

Այս տեղեկատվական ծրագիրը, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի մասին, բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Դրանք հանդիպումներն են տարածաշրջաններում, տեսահոլովակներ և մինի – ֆիլմեր, ինչպես նաև մրցույթ «Ցույց տուր Եվրոպան»: Այս մրցույթը ընդունում է լուսանկարչական նյութեր, նկարներ և պաստառներ: Մրցույթի նյութերը ընդունվում են հունվարի 25-ից մարտի 25-ը: Ցանկացողները կարող են ուղարկել իրենց աշխատանքները infocenter@geo.gov.ge էլ. հասցեին:

Այս տեղեկատվական քարոզարշավը Վրաստանի տարածքում կշարունակվի մինչ մայիսի վերջ:

Քրիստինե Մարաբյան