Ախալքալաքի Դադեշ գյուղը շրջանի կենտրոնական ճանապարհից բավականին հեռու է և չունի ցուցանակ: Առաջին անգամ այցելողները անգամ չեն էլ կարող պատկերացնել, որ հեռվում՝ ինչ-որ մի տեղ գյուղ կա։

«Մի անգամ շտապ օգնություն էինք զանգահարել, զանգեցին թե գյուղամիջում կանգնած ենք, եկեք դիմավորեք, բայց պարզվեց հարևան գյուղի՝ Սուլդայի գյուղամիջում են կանգնած։ Այս և նման դեպքերը շատ են, անծանոթ մարդիկ որ գալիս են, գնում դիմավորում ենք, բայց մինչև ե՞րբ», – մեզ հետ զրույցում իր բողոքը հայտնեց Դադեշ գյուղի բնակիչ Արշակ Սիմոնյանը։

Գյուղացիների հիմնական զբաղմունքն՝ անասնապահությունն ու հողագործությունն է, իսկ մթերքն իրացնելու համար նախ հարկավոր է, որ առևտրականները իմանան գյուղի գոյության մասին։

«Առևտրականին զանգահարում ասում ենք, եկեք Դադեշ կարտոֆիլ ունենք վաճառելու, առևտրականները զարմանում են, ասում են մենք գյուղի տեղը չգիտենք, եկեք դիմավորեք, կամ կարտոֆիլը բերեք։ Մեր պահանջն է, որ տրաֆարետ դնեն, մարդիկ իմանան գյուղի գտնվելու վայրը։ Մենք մեր ուժերով կարող ենք դնել, և արդեն մի անգամ դրել ենք, բայց եկել հանել են, չգիտենք ինչու», – ասաց Դադեշ գյուղի բնակիչ Անդրանիկ Աբելյանը։

Դադեշցիները մոտավորապես երեք տարի առաջ իրենց ուժերով պատրաստել են ցուցանակ, որը հեռացվել է պետական չափանիշներին անհամապատասխան լինելու պատճառով։

«Մենք խնդրին տեղյակ ենք, և ոչ միայն Դադեշ գյուղն ունի այդ խնդիրը։ Մենք արդեն նամակով դիմել ենք «Ջավախ Ավտո Գզա»-ին գյուղերի ցուցանակների և ճանապարհային այլ նշանների ցուցանակներ պատրաստելու համար։ Հստակ ժամանակահատված չենք կարող նշել, թե երբ կլինի այդ ցուցանակները, որովհետև մնացած աշխատանքը մեզնից կախված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը։

Ճանապարհաշինական «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենի հետ զրույցում ավելի հստակ տեղեկացվեցինք, որ ցուցանակը շուտով կլինի՝ «Մենք տեղյակ ենք խնդրին, և հենց գարունը բացվի՝ այսինքն ձնահալքից հետո, այդ ցուցանակները կլինեն», – ասաց ընկերության տնօրեն Նոդար Ինասրիձեն։

Ջուլիետա Տոնականյան