Ամբողջ Վրաստանում նոր տարվանից տավարի մսի գինը թանկացել է 2 լարիով, իսկ Ախալքալաքում՝ 3 լարիով:

Մսավաճառները մսի գների բարձրացումը բացատրում են բենզինի թանկացմամբ և տավարի դեֆիցիտով:
Դրա պատճառը հանդիսանում է արտահանման աճը: Ախալքալաքի շրջանում նույնպես, ըստ ֆերմերների, ամենաշահավետ գնորդները Ադրբեջանցիներն են:

Ըստ Սննդի Ազգային գործակալության, վերջերս խոշոր եղջերավոր անասունները Վրաստանից ակտիվորեն արտահանվում են Ադրբեջան, Եգիպտոս, Իրաք, Սաուդյան Արաբիա և Սիրիա:

Ընդհանուր առմամբ, արտահանումը սկսվել է 2008 թվականին, երբ արտահանվել է 584 հազար դոլարի չափով կենդանիներ, իսկ 2016 թ.-ին այս ցուցանիշը աճել է, և կազմել է 36.8 մլն ԱՄՆ դոլար:

Հենց աճող արտահանումն է հանգեցրել այն բանին, որ երկրում ի հայտ է եկել տավարի մսի պակաս, և 1 կգ արժեքը վրացական շուկայում աճել է գրեթե 2 լարիով:

«Իբերմիթ» ընկերությունում հաստատում են ասիական երկրներում վրացական անասունների պահանջարկի կտրուկ աճը, սակայն չեն կարող բացատրել, թե ինչի հետ է դա կապված:

«Անասունների գլխաքանակը նվազել է, քանի որ արտահանողները ֆերմերներին վճարում են շատ լավ գումար, նրանք գերադասում են վաճառել կովերին, քան պահել ու հետո վաճառել վրացական շուկայում», – հայտարարում են այնտեղ:

Տեղեկությունը հաստատում են նաև այլ ընկերություններ, այդ թվում մսի վերամշակողները, ովքեր նույնպես, ինչպես և սովորական սպառողները ունեն մսի խնդիր: