Ախալքալաքում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը Խորհրդարանին առընթեր ստեղծված սահմանադրական հանձնաժողովին կներկայացնի ժողովրդի առաջարկություններն ու տեսակետները:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո- Քարթլիի հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչով դիմեց ազգաբնակչությանը, որում մասնավորապես ասվում է.

«Գտնում ենք, որ մեր ազգաբնակչությունը պետք է ակտիվորեն մասնակցի Վրաստանի հիմնական օրենքի` Սահմանադրության փոփոխությունների քննարկմանը, որը թույլ է տալիս ստեղծելու լիարժեք` դեմոկրատական սկզբունքներով քաղաքացիական հասարակություն: Այդ իսկ պատճառով Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ընդունելու է ձեր առաջարկները, քննարկելու և ուղղարկելու` Սահմանադրական հանձնաժողովին: Նշենք, որ արդեն երկու հարցեր ուղարկվել են համապատասխան մարմիններին` երկքաղաքացիության և տեղական ինքնակառավարման մարմինների քվոտաներին վերաբերվող»:

Վրաստանի Խորհրդարանին առընթեր ստեղծվել է Պետական սահմանադրական հանձնաժողով, որը աշխատում է Սահմանադրության տեքստի փոփոխությունների վրա: Պետական սահմանադրական հանձնաժողովը գործում է 2016 թվականի դեկտեմբեր ամսից: Հանձնաժողովի շրջանակներում հիմնվել է չորս աշխատանքային խումբ` մարդու իրավունքների, վարչատարածքային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման, խորհրդարանի և ֆինանսների, ինչպես նաև նախագահի խնդիրներով՝ կառավարության և պաշտպանության:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի կարծիքով շատ կարևոր է, որ ջավախքցիները ներգրավված լինեն երկրում ընթացող սահմանադրական փոփոխությունների գործընթացին:

«Իհարկե բոլոր հարցերի քննարկումներին մենք պետք է մասնակցենք, բայց հիմնականում մեզ հետաքրքրում է մարդու իրավունքների, վարչատարածքային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ կետերը: Այս առումով, մենք ուզում ենք կազմակերպել լայնամաշտաբ քննարկումներ, որպեսզի ժողովուրդը նույնպես ներգրավվի այդ աշխատանքներին, որպեսզի մարդիկ կարողանան ներկայացնել իրենց տեսակետները: Այնուհետև Խորհուրդն իր ընդլայնված նիստի ժամանակ կքննարկի և գործող սահմանադրության կետերին համապատասխան առաջարկություններ, տեսակետներ կներկայացնի սահմանադրական հանձնաժողովին»,- ասաց Արտակ Գաբրիելյանը:

Խորհրդի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները Ջավախքում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ են, ովքեր պատրաստակամ են քննարկելու ժողովրդի կողմից ներկայացված յուրաքանչյուր առաջարկություն: Այնուհետև դրանք ներկայացնել Պետական սահմանադրական հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովը որոշումներ ընդունելիս հաշվի առնի նաև Ջավախքի բնակչության տեսակետը: Խորհուրդը պատրաստավում է առաջիկայում քննարկումներ կազմակերպել Պետական հանձնաժողովի անդամների և Ջավախքի բնակչության միջև:

Ցանկացողները իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել աշխատանքային խմբին ք. Ախալքալաք, Դարբինյան 54 հասցեով, կամ 362223973 հեռախոսահամարով:

Նշենք, որ Վրաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ.-ի օգոստոսի 24-ին: Այն կազմված է 109 հոդվածներից, որոնք փոփոխության են ենթարկվել շուրջ 33 անգամ: Առավել նշանակալի փոփոխություններ Վրաստանի Սահմանադրության մեջ կատարվել են Վրաստանի երրորդ նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի ժամանակ, 25 անգամ:

Աղունիկ Այվազյան