Համաքաղաքացիական շարժում «Բազմազգ Վրաստանի» Ախալքալաքի գրասենյակում Վրաստանի Խորհրդարանի պատգամավորները հանդիպեցին տեղի իշխանությունների, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների և Ախալքալաքի բնակիչների հետ:

Փետրվարի 12-ին Խորհրդարանի պատգամավոր, Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամ Ռուսլան Պողոսյանը և Տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Դավիթ Ճիճինաձեն Ախալքալաքում էին: Նրանք ցանկանում էին տեղեկանալ Ախալքալաքի շրջանի խնդիրներին առաջին անձանցից:

Մասնակիցները խոսեցին ակտուալ խնդիրների մասին, որոնք մտահոգում են բնակչությանը: Հնչեցին հարցեր բիզնեսի, գյուղացիների մշակաբույսերի անբարենպաստ պայմաններով ապահովագրության, բանկերի մեծ տոկոսադրույքների, արոտավայրերի խնդիրների մասին: Հարցեր կային նաև գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհման խնդիրների, մսի վաճառքի նոր կարգի վերաբերյալ: Շատ բողոքներ հնչեցին երկաթուղու տակ գտնվող հողերի օգտագործման փոխհատուցման համար և այլ խնդիրների, որոնք ծագել են գյուղերում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման հետ:

Մասնակիցները ցանկանում էին իմանալ պատգամավորներից, թե ինչն է պատճառը, որ չեն գործում էլեկտրաէներգիայի նպաստները, որոնք նախատեսված էին նրանց ընդունած «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի համաձայն:

Պատգամավորները չգիտեին, որ օրենքի տվյալ կետը չի գործում: Պետք է նշել, որ նրանք չպատասխանեցին հավաքվածների հարցերին, սակայն խոստացան պարզաբանել, ճշտել և քննարկել բոլոր հարցերը Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստերի ժամանակ:

«Խնդիրների 90%-ը սկզբունքորեն հայտնի էին, բացառությամբ որոշ խնդիրների, որոնք վերաբերում էին որոշ կոնկրետ տեղերի: Գլոբալ հասկացողությամբ իհարկե այդ խնդիրները ամբողջ Վրաստանում միանման են, սակայն կան առանձնահատուկ խնդիրներ: Բոլոր այդ խնդիրները մենք կքննարկենք հանձնաժողովի ներսում և համապատասխանաբար կհրավիրենք համապատասխան Նախարարություններին», – ասում է Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն:

Ըստ նրա հանդիպումը շատ օգտակար էր, և նա հույս ունի, որ նման հաղորդակցությունը էլ ավելի կամրապնդի հարաբերությունները կառավարության և ժողովրդի միջև:

Շուշան Շիրինյան