Լուսանկարը՝ Գելա Գվիլավայի

Այսօր 8 քաղաքական կուսակցություններ կազմակերպել էին երթ՝ ի նշան բողոքի ընդդեմ կառավարության ճնշմանը «Ռուսթավի 2»-ի վրա, ինչպես նաև այս թեմայի հետ կապված կատարվող գործողությունների:

Երթն սկսվեց «Ռուսթավելի» մետրոյի կայանից մոտ ժամը 14:00-ին: Այն կազմակերպել էր Համակարգող խորհուրդը, որը կազմված է ութ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, «Նոր միասնություն Վրաստանի համար» շարժման նախաձեռնությամբ: Նրանք նաև պլանավորում են կազմակերպել մշտական ակցիաներ այն դեպքում, եթե Գերագույն դատարանը ընդունի կողմնակալ որոշում «Ռուսթավի 2»-ի գործի վերաբերյալ: Շարժման անդամները կարծում են, որ իշխանությունները նպատակաուղղված ճնշում են գործադրում հեռուստաընկերության վրա: Նրանք ասում են, որ խոսքի ազատությունը Վրաստանում վտանգված է:

«Ռուսթավելի» մետրոյի կայարանից ցուցարարները պահանջելով խոսքի ազատություն շարժվեցին Գերագույն դատարան: Նրանց շարքերում կային ութ քաղաքական խմբերի ներկայացուցիչներ, հայտնի անձինք և ուսանողներ:

Ըստ Ուկրաինայի Ազգային ոստիկանության նախկին պետ Խատիա Դեկանոիձեի, Բիձինա Իվանիշվիլին կաշառում է դատարանը, որ ճնշի և լռեցնի «Ռուսթավի 2»-ին:

«Միացյալ Ազգային շարժման» քաղխորհրդի անդամ Նուգզար Ծիկլաուրին նշել է, որ այս դաշինքը, առաջին հերթին նախատեսված է խոսքի ազատության և «Ռուսթավի 2»-ի պաշտպանության համար:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Աջակցություն Ռուսթավի 2-ին»: Ըստ Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Բաչուկի Կարդավայի, խոսքի ազատությունը համարվում է ժողովրդավարության հիմքը:

Ցույցի մասնակիցները, «Լեյբորիստական կուսակցության» անդամները Գերագույն դատարանի շենքի մոտ այրեցին Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարը: «Լեյբորիստական կուսակցության» անդամ Գիորգի Գուգավան կոչ արեց Գերագույն դատարանի դատավորներին «Ռուսթավի 2»-ի գործի վերաբերյալ ընդունել արդար դատավճիռ:

«Մենք կոչ ենք անում այս դատարանի դատավորներին կայացնել արդար դատավճիռ, չհնազանդվելով Իվանիշվիլիի հրամաններին: Մենք նաև կոչ ենք անում հեռուստատեսությունը չտալ քրեական օլիգարխին», – հայտարարեց Գիորգի Գուգավան:

Լուսինե Աստոյան