Այս տարի Սբ Սարգիսի տոնը նշվեց փետրվարի 11-ին: Այն մասին, թե ինչպես են Ջավախքում հազարավոր երիտասարդներ սիրո ուխտ կատարում, հետևում ժողովրդական ավանդույթներին ու եկեղեցական ծիսակատարություններին:

Ս. Սարգիս տոնը մեծ շուքով է նշվում հայ Առաքելական եկեղեցում: Այս տոնը մտնում է շարժական տոների մեջ և անց է կացվում հունվարի 18-ից մինչև փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այդ օրը նաև Սարգիս և Մարտիրոս անունը կրող մարդկանց անվանակոչության օրն է:

Սբ. Սարգսի տոնը Հայ Առաքելական եկեղեցու սրբոց տոներից մեկն է: Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի խոսքերով՝ զուտ եկեղեցական ծիսակարգային տեսանկյունից սրբոց տոներն այն խորհուրդն ունեն, որ տվյալ օրը, տվյալ սրբի վարքի հիշատակությունն է և նրա բարեխոսության աղոթքներն ենք խնդրվում: Իսկ Սբ Սարգսի տոնը ժողովրդականություն ունի հայերիս մոտ:

«Սբ Սարգսի հետ կապված բազմաթիվ եկեղեցական ավանդույթներ են առաջ եկել, որոնք նաև ինչ-որ առումով գուշակությունների, սնահավատությունների տեղիք են տալիս շատերի մոտ: Եթե նայում ենք զուտ ժողովրդական ազգային տեսանկյունից, այս ամենը երբեմն գեղեցիկ է, որ երիտասարդները սիրո օր են համարում, սիրո բարեխոս են համարում, բայց շարականի մեջ իրականում գրված է՝ «արագահաս Սուրբ Սարգիս», այսինքն բոլորի աղոթքներին արագ հասնող»,- նշեց Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովի Տեր Տաթև քահան Մարուքյանը:

Արագահաս, սիրո բարեխոսի տոնը՝ Ջավախքում

Ջավախքում այս օրն ընդունված է ուխտի գնալ Դիլիսկա գյուղի Սբ. Սարգիս անունը կրող եկեղեցի: Հազարավոր ուխտավորների մեծ հոսքը դեպի Դիլիսկա գյուղի համանուն եկեղեցի ամբողջ գիշեր չի դադարում: Թե ինչու՞ հենց Դիլիսկա, այլ ոչ թե մյուս Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներ, պարզաբանում է Տեր Տաթևը.

«Ուրիշ տեղերում մենք չենք տեսնում այդքան ուխտավորների հոսք, ճիշտ է բոլոր եկեղեցիներ էլ գնում են, սական Դիլիսկայի դեպքում ժողովրդի մեջ կա հիշողություն, ավանդություն, որ Սուրբ Սարգիսը անցել է հենց իրենց գյուղով: Շատերը հիշում են, որ իրենք Սբ Սարգիսին տեսել են, նույնիսկ հիմա մարդիկ կան, ովքեր պատմում, որ տեսել են սպիտակ ձիավորին, ով մտել է եկեղեցի», – ասաց Տեր Տաթևը:

Ավանդույթներ, որոնց հետևում են երիտասարդները

Ախալքալաք քաղաքի բնակչուհի 76-ամյա Դարբինյան Սոնան պատմեց, թե ինչպես են նշել ու նշում Սուրբ Սարգսի տոնը, ինչպես է հանդիպել իր կյանքի կեսին, ում հետ այսօր ապրում է ուրախ ու երջանիկ:

«Ով որ տանը ազաբ (չամուսնացած) տղա կամ աղջիկ ուներ գիշերը Դիլիսկա գնալ գալուց հետո սկուտեղով փոխինձ էր դնում տան կտուրին: Իբր Սբ. Սարգիսը գալու էր ու ձիու պայտի տեղը թողնելու: Առավոտյան նայում էին, թե կար պայտի տեղը ուրախանում էին և ասում, որ հաջողությունը պետք է գա իրենց տուն ու տան չամուսնացածները ամուսնանալու են», – նշեց Սոնա տատիկը:

Սակայն նա վստահեցնում է, որ չի հավատացել այս ավանդույթին և մտածել է, թե իր մայրը իրենց ուրախացելու և համոզելու համար, որ «տունը չեն մնա» դիտավորյալ պայտի ձև է թողել փոխնձի վրա:

«Լսելով մնացածի պատմությունները հետզհետե ես էլ սկսեցի հավատալ»- ասաց մեր զրուցակիցը:

Մի անգամ էլ նա որոշում է հետևել տոնի ավանդույթներին՝ ծում ու պաս է պահել, քնելուց առաջ աղի բլիթ է կերել, բաժակով ջուր դրել կողքը և քնել:

«Երազիս մեջ ջահել, գեղեցիկ տղայի տեսա՝ ծիծաղում էր»- նշեց նա: Որոշ ժամանակ անց նրանք հանդիպել են ու ամուսնացել: Հավատքն ավելի է խորացել նրա մեջ և նա հետևելով լուսահոգի մոր օրինակին մինչև օրս պահպանում է տոնի ավանդույթները:

Այսօր Սոնիկ տատիկի թոռները ուրախությամբ են սպասում տոնին հաջորդող առավոտվան, որպեսզի ուտեն տատիկի ձեռքով պատրաստած փոխինձը:

Խաչվող ճակատագրեր

Չնայած տիկին Թամարան ևս չէր հավատում, սակայն նրա կյանքը խաչվեց Սբ. Սարգսի տոնի հետ:

«Ես ջահել ժամանակ չեմ հավատացել, որ գոյություն է ունեցել Սբ.Սարգիս ասված տոնը, որ այն մարդուն հուշում է, թե ով է լինելու նրա երկրորդ կեսը: Մտածում էի, թե այն ուղղակի ժողովրդի կողմից հորինված տոն է…» – ասաց մեր զրուցակիցը:

Բայց մի անգամ, հետևելով ծանոթ կնո խորհրդին, վերջինս կանգնել է փողոցի խաչմերուկում, մի բանալի է վերցրել և այն նետել է դեպի հետ: Հետո հետ չնայելով, թե բանալին ուր է ընկել, տեղում 10 րոպե կանգնել է նույն դիրքով:

«Ասյա տատը կարգադրել էր, որ ոչ մեկի հետ չխոսեի «ո՛չ բարև, և ո՛չ էլ Աստծո բարի»: Մենակ ուշադիր պետք է լինեի, որ լսեի և հիշեի իմ լսած առաջին ու վերջին բառերը: Ինչ մեղքս թաքցնեմ չհավատալով արեցի նրա ասածը, իր բոլոր կարգ ու կանոններով»,- նշեց մեր զրուցակիցը:

Թամարայի լսած առաջին բառը «բարևն» էր, իսկ վերջինը՝ «շուտ ճամփա կտրենք», քանի որ հենց այդ ժամանակ այդ տեղից անցել էր հարսանեկան «մաղարը»:

«Ասյա տատիկը իմանալով այդ ամենը տարօրինակ հայացքով ու բարի ժպիտով ասաց, որ 2-3 օրից ես էլ կամուսնանամ… Զարմացած հայացքով նայեցի ու ասացի, ո՛չ սիրած տղա ունեմ, ո՛չ էլ ճանաչում եմ այնպիսի մարդու, որ ինձ է սիրում…»:

Թամարան չի հավատում և մոռանում է այս ամենը:

«Ընդհանրապես չէի էլ պատկերացնում, որ Ասյա տատիկի այդ հեքիաթի նմանվող պատմությունը մի օր կիրականանա… Ես ամուսնացա այդ տղայի՝ Արամի հետ և հիմա ապրում ենք երջանիկ…»:

Այսօր էլ տիկին Թամարայի երեխաները հավատում են Սբ.Սարգսի տոնին: Նրանք համոզված են, որ հենց այս տոնի օգնությամբ են գտնելու իրենց կանանց:

Հավատալ թե ոչ ահա թե ինչում է խնդիրը

Ախալքալաքում տարբեր գուշակություններ են անում կապված Սուրբ Սարգսի տոնի հետ: Երիտասարդների կարծիքով, եթե պահք պահեն, չլվացվեն, հայելու մեջ չնայեն, ջուր չխմեն, իսկ գիշերը աղի բլիթ ուտեն, հնարավոր է ապագա ընտրյալին երազում տեսնեն:

Օրինակ տվյալ գուշակության համար բացարձակ լռությունն ու առանձնացումը պարտադիր է: Սպասելով կեսգիշերին, աղջիկը պետք է վերցնի հայելին, իր դիմաց դնի մի բաժակ լցված ջրով, ջրի մեջ պետք է լինի նշանադրության մատանի: Պետք է կենտրոնանալ, լուռ ու երկար նայել մատանուն, և Նա մի քանի վայրկյանով կհայտնվի հայելու մեջ:

Հետաքրքրական ևս մեկ գուշակություն. Գիշերը ժամը 12-ին պետք է մեջքով դառնալ դեպի դուռը, նետել լաթերը, և եթե լաթը մատնանշի դեպի դուռը, ուրեմն այդ տարի աղջիկը կամուսնանա:

«Արդեն երրորդ տարին է այս ճանապարհով գուշակություններ եմ անում, սակայն ամեն տարի լաթի ծայրը մատնացույց է անում դռան հակառակ կողմը: Գլխավորը չհուսահատվելն է, և հիշել ամեն ինչ իր ժամանակին», – նշում է 21-ամյա Արմինեն, ով երեք տարի է լաթը նետում, հույսով որ այն կմատնանշի դեպի դուռը, այսինքն դեպի ամուսնություն:

Արդեն 13 տարի է Հասմիկ մայրիկը եկեղեցում է ծառայում: Հազարավոր աղաբլիթները, որոնք բաժանվում են երիտասարդներին եկեղեցում, հենց նա է պատրաստում:

«Ես մեծ հաճույքով թխում եմ աղի բլիթները, քանի որ երիտասարդները մեծ ակնկալիքներ ունեն: Չնայած այն հանգամանքին, որ երբեմն հոգնում եմ, բայց պատրաստման ամբողջ պրոցեսը ինձ մեծ ուրախություն է», – պատմում է Հասմիկ մայրիկը:

Անհավատալի ջերմությամբ ու ժպիտով է Հասմիկը մայիկը կիսվում իր հիշողություններով:

«Իմ հայրենի գյուղում` Դիլիսկայում տոնը նշվում էր հատուկ կերպով: Մեծ թվով մարդիկ ուխտագնացություն էին կատարում, չնայած ցրտին և ուշ ժամերին գալիս էին գյուղ: Առավոտից մինչ գիշեր հնչում էր երաժշտությունը, մարդիկ պարում էին, երգում և ուրախանում: Գյուղացիները սպասում էին «Սուրբ Սարգիսին», նույնիսկ ավելի շատ քան Նոր տարվան: Այժմ հավատացյալները գալիս են քաղաքի եկեղեցի, աղոթում իրենց երջանկության համար, վերցնում աղի բլիթները և մեկնում են մեր գյուղ: Ես իսկապես երջանիկ եմ, որ մարդիկ չեն կորցնում հետաքրքրությունը այս տոնի հետ կապված, այլ ընդհակառակը ամեն տարի իմ թխած աղի բլիթների քանակը աճում է»:

Ջավախքում երիտասարդների մեծամասնությունը հավատում է Սուրբ Սարգսին: Այս մասին են վկայում երիտասարդների շրջանակում անցկացրած մեր հարցման արդյունքները:

Մեծամասնությունը հավատում է Սբ. Սարգսին և գնում է ուխտագնացության Դիլիսկա գյուղ: Այսպես պատասխանեց հարցվածների 58%-ը (29 մարդ): Մեր նախնիներից եկած այդ ավանդույթներին ավելի շատ հետևվում են աղջիկները, և հավատում են Սուրբ Սարգսի հրաշքին: Հարցվածների 14%-ը (7 հոգի) չեզոք են վերաբերվում. «Ես երբեք չեմ հավատացել, բայց հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի», «Մենք գնում ենք և փոխանակվում մոմերով, դա անում եմ ոչ այն պատճառով, որ հավատում եմ դրան, այլ պարզապես սովորություն է»:

Հարցվածների 28%-ը (14 մարդ) չի հավատում Սուրբ Սարգսին, համարելով այն սովորական սնահավատություն, անցյալի արմատավորված խաբկանք: Նրանց ճնշող մեծամասնությունը տղաներ են:

Քրիստինե Հակոբյան, Հայկանուշ Կարաբեկյան, Կարինե Նահատակյան, Ելիզավետա Գալուստյան, Մարգագիտա Խասանշինա