Վրաստանում 2-3 ամսվա ընթացքում բենզինի գինն աճել է համարյա 1 լարիով, ինչի պատճառով Ախալքալաքում օրեցօր բարձրանում է տաքսիների սպասարկման գինը և նվազում տաքսիներից օգտվողների քանակը:

Ախալքալաքի բենզալցակայաններում դիզվառելիքի գներն օր-օրի թանկանում են: Մասնավորապես «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը ներկայումս վաճառվում է 1,95-2,05 լարիով այն դեպքում, երբ 2016 թ. դեկտեմբերին այն տատանվում էր 1,15-1,20-ի սահմաններում:

Ախալքալաքում տաքսու վարորդները բողոքում են բենզինի թանկացումից, իսկ բնակիչները՝ տաքսիների: Ախալքալաքի մեջ տաքսու ծառայությունը թանկացել է 1 լարիով, դառնալով 3 լարի: Իսկ գյուղ գնալու դեպքում, տարբեր վարորդներ գնագոյացման տարբեր քաղաքականություն են վարում:

Արթուր Կարապետյանն ամեն օր ուղևորների է սպասում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, հիմնականում տաքսու վարորդներն այստեղ են կայանում: Նա շատ չի վաստակում՝ հազիվ կարողանում է իր ընտանիքի հոգսերը հոգալ:

«Համարյա մարդ չի նստում: Ճիշտ է 1 լարի ենք ընդամենը քաղաքում թանկացրել, բայց դա մարդկանց համար մեծ փող է: Ոչ-ոքի չես կարող մեղադրել, բայց մեքենան էլ ջրով չի աշխատում: Բենզինը, որ թանկանում է, բնական է տաքսիների գներն էլ են բարձրանում»,- ասաց տաքսու վարորդ Արթուր Կարապետյանը:

Տաքսի ծառայություններից օգտվողները բողոքում են, որ վարորդները շատ հաճախ անհիմն կերպով աստղաբաշխական թվեր են ասում: Արփիկ Մարաբյանը աշխատանքի բերումով անընդհատ քաղաք է գնում գալիս և շատ անգամ ստիպված է լինում վճարել ավելին, քան վաստակում է:

«Ամեն օր գյուղից քաղաք եմ գալիս աշխատանքի: Առաջ 5 լարի էր Կուլիկամ-քաղաք, հիմա արդեն հստակ գին չկա, նույնիսկ եղել է 9 լարի եմ վճարել: Ըստ տրամադրության տաքսու վարորդները գին են ասում: Իրենք գիտակցում են, որ այս սառնամանիքներին ոտքով չես կարող գնալ դրա համար իրենցն են թելադրում»,- ասաց Արփիկը:

Իսկ վարորդներն արդարանում են, եթե չթանկացնեն, ապա շահույթ չեն ունենա: Դիզվառելիքի գներն Ախալքալաքում աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Օրինակ, փետրվարի 7-ին lukoil բենզալցակայանում 1 լիտր Regular տեսակի բենզինն արժեր 1,99 լարի, իսկ այսօր արդեն՝ 2,05 լարի: Իսկ wissol-ի բենզալցակայանում՝ թե երեկ, թե այսօր 1 լիտր Regular տեսակի բենզինը 2,16 լարի է:

«Օրական 2-ից 5 թեթրի բարձրանում է բենզինի գինը: Կուլիկամ գնալու համար ես հիմա 7-8 լարի եմ վերցնում, իսկ քաղաքի մեջ 3 լարի, նախկին 2-ի փոխարեն: Իմ գրպան ընդամենը 1 լարի եմ դնում, դա է իմ աշխատածը: Մեկ լարիի համար ժամերով կանգնում եմ այս ցրտին, սպասում, որ մի քանի հոգու տեղափոխեմ, գոնե օրվա հացի փող հանեմ»,- ասաց տաքսու վարորդ Սեյրանը:

Հենց վարորդներն են նշում, որ քաղաքում կրկնակի անգամ կրճատվել է տաքսիներից օգտվողների քանակը:

«Մարդիկ փող չունեն, լավ թե վատ ոտքով են գնում: Իսկ գյուղերի բնակիչները ինչ-որ տեղ ստիպված վճարում են, չեն կարող ոտքով գնալ: Մենք էլ ենք մարդ, մեկ թանկ ենք վերցնում, մեկ էժան, ծանոթներին տարբեր, մարդկանց դրության մեջ մտնում ենք»,- ասաց տաքսու վարորդ Ստեփանը:

Աղունիկ Այվազյան