Չորս տարի է, ինչ Վրաստանում գործում է «Թափոնների կառավարման» թարմացված օրենսգիրքը, որը պետք է երկրում լուծի աղբի խնդիրը, սակայն Ախալքալաքում ամենուր գյուղերի ցուցանակների փոխարեն աղբակույտեր են:
zibil2
Ախալքալաքում և գյուղերում սահմանված կարգի համաձայն՝ փողոցներում տեղադրված կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղներից աղբահանումը կատարվում է ամեն օր, քաղաքի աղբարկղներից՝ օրական 2-3 անգամ, իսկ գյուղերում՝ ամեն օր: Պատասխանատուները հավաստիացնում են՝ ամեն ինչ արվում է մարքության համար, իսկ բնակիչները բողոքում են աղբի առատությունից:

Ուղիղ մեկ տարի է Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է Սպասարկման կենտրոնը, որը պատասխանատու է աղբահանության համար: 2018 թվականին Սպասարկման կենտրոնը տեղական բյուջեից 847 000 լարի է ստացել, որից 624 000-ն է հասցրել ծախսել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 6-ը: Կենտրոնը 59 հիմնական աշխատակից ունի, իսկ պայմանագրային` 6, որոնց աշխատանքային ֆոնդը տարեկան կազմում է 425 000 լարի:

Սպասարկման կենտրոնը տեղեկություն չունի, թե նախորդ տարիներին ինչքան գումար է ծախսվել աղբահանության համար: Jnews-ի գրավոր հարցմանն ի պատասխան գրել են՝ համապատասխան ինֆորմացիա չունենք:

Ախալքալաք քաղաքում տեղադրված է 158 հատ աղբարկղ (յուրաքանչյուրը 1,1մ³ տարողությամբ): Գյուղերում և կենտրոնական ճանապարհներին 120 հատ աղբարկղ կա տեղադրված, որոնցից 66 հատը՝ 1,1մ³ տարողությամբ, իսկ 54-ը՝ 0,5մ³:

Ախալքալաքի Սակրեբուլոյի համապատասխան որոշման համաձայն քաղաքում յուրաքանչյուր բնակիչ աղբահանության համար վճարում է 0,40 թեթրի, իսկ իրավաբանական անձիք 1մ³ կենցաղային աղբի դիմաց վճարում են 25 լարի:

Ախալքալաքում աղբահանության վճարի գանձումն իրականացնում է Սպասարկման կենտրոնը: Ըստ կենտրոնի տնօրինության խոսքերի 2018 թ.-ին բնակիչներն ավելի շատ են վճարել, համեմատած 2017 թվականի հետ:

«Այս տարի բնակիչներից հավաքվել ենք մոտավոր 40 000 լարի, իսկ իրավաբանական անձանցից՝ 35 000, մոտավոր 70 000 լարի մուտք է եղել տեղական բյուջե: Չվճարողներ շատ կան, բայց երևի մարդիկ նկատում են, որ աղբահանությունը կայուն կատարվում է, և իրենց մոտ պատասխանատվություն է առաջանում վճարելու դրա դիմաց»,- նշում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Ախալքալաքում, գյուղերում, ճանապարհաեզրերին, գետերի ափերին, ամենուր կարելի է հանդիպել աղբի: Արմեն Բիչախչյանը գտնում է, որ այս պատկերը կփոխվի, եթե չնախատեսված վայրերում աղբը թափելու համար տուգանք սահմանվի:
zibil3
                              Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին

«Օրինակ. Կուլիկամ գյուղում դրել ենք 19 աղբարկղ, նախկինում ընդհանրապես չկար, հիմա իրենք ուզում են, որ քանակն ավելացնենք: Մենք չենք կարող յուրաքանչյուրի տան դիմաց արկղ դնել: Նախկինում այդ մարդիկ աղբը գետն էին թափում, չնայած հիմա էլ են լցնում, ալարում են երևի 20 մետր գնան արկղի մեջ լցնեն, սա արդեն բնակչից է կախված»,- ասում է Սպասարկման կենտրոնի տնօրենը:

Սկսած 2015 թվականի հունվարի 15-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «Թափոնների կառավարման օրենսգիրքը», որի համաձայն խստավցվում է փողոցներում մաքրության պահպանման վերահսկողությունը և բարձրացել է տուգանքները չնախատեսված վայրերում աղբը թափելու համար: Արդեն 2017 թվականի հունիսի 30-ին Ախալքալաքի Սակրեբուլոյի №11 որոշում է ընդունել, որի համաձայն Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և Ենթակառուցվածքների ծառայությունները իրավասություն են ստացել վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու, այսինքն՝ տուգանելու չնախատեսված վայրում աղբը թափելու համար:

Սակայն Ախալքալաքում մեկ ու կես տարվա ընթացքում ոչ մի արձանագրություն չի կազմվել շրջակա միջավայրն աղտոտելու համար: Ախալքալաքի քաղաքապետարանում իրենց իրավասությունների մասին տեղյակ չէին, ոչ էկոնոմիկայի բաժնում, ոչ էլ ենթակառուցվածքների, նշելով, որ նրանք տուգանելու որոշում չեն ստացել:

Ով, որտեղ ուզենա աղբ է թափում

Որորշ բնակիչներ հասկանում են, որ իրենց քաղաքի, գյուղի, շրջանի մաքրության մեջ իրենց դերակատարությունը մեծ է, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում:

«Հենց քամի է բարձրանում՝ օդում սկսում են պարել ռեզինե տոպրակները, ամենուր թղթեր են հայտնվում: Այս ամենի համար հավասարապես մեղավոր է, թե բնակիչը, թե սպասարկող ընկերությունը: Մենք՝ բնակիչներս հաճախ աղբը թափում ենք չնախատեսված վայրում, այդպես չի կարելի: Այստեղ մենք ենք ապրում և պարտավոր ենք մաքուր պահել մեր միջավայրը»,- ասաց Ախալքալաքի բնակիչներից Կարինե Կոբելյանը, հավելելով. «Մենք ախալքալաքցիներս մաքուր ենք մեր տան շեմից ներս, իսկ մնացածը մերը չէ: Այս վերաբերմունքն է պետք փոխել»:

Ախալքալաքի բնակիչ Փայլուն Պարոնյանն ընդունում է, իրավիճակը կապված աղբահանության հետ նախկինի հետ համեմատելի չէ, բայց մեր բնակչության մեջ չի ձևավորվել «աղբի տեղը աղբարկղի մեջ է» կոչված մշակույթը:

«Այս առումով, որպեսզի ունենանք էկոկիրթ հասարակություն, պետք է իրազեկման աշխատանք տանել: Խնդիրները շատ են բնակչից մինչև մաքրող: Տեսեք աղբարկղներն էլ ճիշտ վայրերում չեն, ինձ հետաքրքրում է ինչ տրամաբանությամբ, ինչ չափորոշիչներով առաջնորդվելով են այսպես տեղադրել: Մի բնակչից 100 մետր հեռու, մյուսի հենց դռանը: Մեկը ստիպված էլ լինում ճանապարհ անցնել, իսկ մյուսը գարշահոտությանը դիմանալ»,- ասաց Ախալքալաքի բնակիչներից մեկը:

Ամռանը Սպասարկման կենտրոնը նոր աղբարկղներ է ստացել: Այս աղբարկղների տեղադրումը հեշտությամբ չկատարվեց: Որոշ բնակիչներ բողոքում էին, որ աղբարկղը շատ մոտ է տանը, իսկ որոշներն էլ՝ շատ հեռու է: Սպասարկման կենտրոնը նույնիսկ որոշեց տեղադրման վայրերի ցուցակ կազմել, որպեսզի տեղական իշխանություններն ընդունեն: Սակրեբուլոն պարտավորություն չվերցրեց հաստատելու, բացատրելով, որ աղբարկղների տեղադրման պաշտոնական վայր չկա և Սպասարկման կենտրոնը պետք է ընդհանուր լեզու գտնի բնակիչների հետ: Սպասարկման կենտրոնը նույնիսկ ոստիկանությանը դիմեց օգնելու, որպեսզի բնակիչները աղբարկղները չտեղաշարժեն: Որոշ ժամանակ անց բոլորը համակերպվեցին աղբարկղների «բնակության» վայրի հետ:

Գյուղերի մուտքերը ոչ թե ցուցանակով են դիմավորում, այլ աղբակույտով
zibil1
Ախալքալաքի շրջանի գյուղեր այցելողներին առաջինը դիմավորում է աղբը: Աղբակույտերը դարձել են այսպես ասած մեր գյուղերի այցեքարտը: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում նշում են՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ճանապարհաեզրերին առկա աղբը կհեռացնեն, սակայն դրա համար բավարար միջոցներ չունեն:

Սպասարկման կենտրոնը 2018 թվականին Ախալքալաքի շրջանի գյուղերից շուրջ 578 մ³ աղբ է տեղափոխել Նինոծմինդայի աղբավայր, որի համար ծախսել է 13 563 լարի:

Շրջանի գյուղերում 4000-4500 մ³ կուտակված աղբ կա:

Աղբահանությունը Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերում լավագույն դեպքում տարին մեկ անգամ է իրականացվում: Ծայրամասային գյուղերն առավել անտեսվածներն են: Այստեղ բնակիչներն իրենց ուժերով են աղբահաություն իրականացնում՝ «սեփական տնից հեռու» սկզբունքով: Արդյունքում գյուղեր տանող ճանապարհները լի են կենղացային աղբակույտերով:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքերով շրջանի մաքրությունն ուղիղ համեմատական է տեխնիկական միջոցների քանակին:

«Եթե ասֆալտապատ լինի գյուղական ճանապարհները և մենք բոլոր գյուղերում աղբարկղեր տեղադրենք, ապա դժվարություններ կունենանք, որովհետև չենք հասցնի սպասարկել: Աղբահավաք երեք մեքենա ունենք, մեկն ամեն օր քաղաքում է, մյուսները նույնպես ամեն օր քաղաքում են, բայց գրաֆիկով գնում են գյուղերը: Մենք դիմում ենք գրել քաղաքապետարան, որպեսզի մեզ երկու մեքենա հատկացնեն, որովհետև պարտադիր է մեքենաների ավելացումը»,- ասաց Արմեն Բիչախչյանը:

Ախալքալաքի շրջանը 2019 թվականին Սպասարկման կենտրոնի համար նոր տեխնիկայի ձեռքբերում չի նախատեսում:

Այս աղբավայրը տասնամյակների պատմություն ունի: Խանդո գյուղի մոտակայքում արհեստական ձևավորված աղբավայրը բնակիչներն իրենք են «հիմնել», որովհետև նախկինում գյուղերում աղբահանություն առհասարակ չէր իրականացվում: Իսկ հիմա իրականացվում է, սակայն ոչ այն չափով, որպեսզի արհեստական աղբանոցի անհրաժեշտություն չլինի: Տարին 1-2 անգամ գյուղացիները հող են լցնում, տրակտորով հարթեցնում, որպեսզի քամին աղբը շատ չտարածի:

Երկար տարիների ժամանակավոր աղբավայր
zibil4
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին, որն ընկնում է Նինոծմինդայի տարածքում 2012-13 թվականներին պետության կողմից հատուկ տարածք հատկացվեց Ախալքալաք և Նինոծմինդա շրջանների աղբը հավաքելու համար: Ամեն օր այստեղ այս աղբավայր է բեռնաթավում 12-13 մեքենա աղբ:
zibil5
Աղբավայրը հիմնվել է, որպեսզի երկու շրջանների աղբը հավաքվի և տարվի աղբի վերամշակաման գործարան: Սակայն մինչև հիմա նման գործարան չկա:

Աղբավայրը սպասարկում է «Վրաստանի կոշտ թափոնների կառավարման ընկերությունը», որը գործում է Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կից: Ըստ ընկերության ավագ օպերատոր Գուրամ Կեկիշվիլիի խոսքի՝ առաջիկա ամիսներին Ասպինձայում նախատեսվում է աղբի վերամշակման գործարան կառուցել, որտեղ կմշակվի ամբողջ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի աղբը:

Ըստ Գուրամ Կեկիշվիլիի խոսքի, եթե ամեն ինչ ծրագրածով գնա 2020 թվականին արդեն աղբի մշակման գործընթացը կսկվի: Մինչ այդ «Վրաստանի կոշտ թափոնների կառավարման ընկերության» աշխատակիցները ժամանակ առ ժամանակ կուտակված աղբը տեղում կոնսերվացնում են:

Վրաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի պահանջների համապատասխան՝ Վրաստանի քաղաքապետարանները կոշտ թափոնները պետք է բաշխեն 2019 թվականից սկսած: 2016 թ. Վրաստանի կառավարությունը 2016-2030 թթ. Ազգային թափոնների կառավարման ռազմավարություն և 2016-2020 թվականների ազգային գործողությունների ծրագիր ընդունեց: 2023 թ. Վրաստանը մտադիր է փակել գոյություն ունեցող բոլոր աղբավայրերը և ամբողջ երկրում ստեղծել միայն 10 նոր սանիտարական աղբավայր:
estonia
Աղբավայր եվրոպայում (Էստոնիա, Տալլին): Այստեղ աղբից առաջացող գազերը օգտագործվում են, ինչպես նաև վերամշակվում է տարբեր կոշտ թափոններ:

Ինչպես երևում է, նման արդյունքների հասնելու համար, որին մնք ձգտում ենք, անհրաժեշտ է, թե ինչպես պատասխանատու հաստատությունների և տեղական իշխանությունների կամքը, այնպես էլ տեղի բնակչության համապատասխան վարքագիծը:

Աղունիկ Այվազյան