Հայոց լեզվի և գրականության նոր դասագրքերը, որոնք կհրատարակվեն Վրաստանում, կներդրվեն ուսումնական ծրագրի մեջ` 2018-2019 ուսումնական տարում:
Նոր դպրոցական ուսումնական ծրագիրը կներդրվի 2018-2019 ուսումնական տարում: Նոր դասագրքերը, որոնք կհրատարակվեն այդ ծրագրով, նույնպես կբաժանվեն աշակերտներին այդ ժամանակ: Իսկ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում, դպրոցները կշարունակեն ուսումը հին դասագրքերով ու հին ծրագրով: Այդ մասին Jnews.ge-ին տված հարցազրույցում ասաց Կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին Ախալքալաք կատարած այցի ժամանակ:
«Ինչ վերաբերում է հայոց, ադրբեջանական, ռուսաց լեզվի և գրականության դասագրքերին, ապա դրանք պետք է հրատարակվեն Վրաստանում, և ոչ թե բերվեն այլ երկրներից: Վերջնականը կլինի մրցույթը հաղթած, գրիֆավորված դասագիրքը, որը և կթարգմանվի», – ասաց Լիա Գիգաուրին:
Այն հարցին, թե արդյոք, ներգրավված կլինեն փոքրամասնությունների համար նախատեսված լեզվի և գրականության դասագրքերի ստեղծման պրոցեսում հարևան երկրների փորձագետներ, ինչպես հայտարարվել էր նախկինում, փոխնախարարը նշեց, որ նման համագործակցություն սպասվում է:
«Մեր նախարարությունների միջև տարվում են բանակցություններ և կան պայմանավորվածություններ, որ բոլոր երեք Հարավկովկասյան երկրներում, այնտեղ որտեղ սովորում են հարևան երկրի լեզուն, և որտեղ դասագրքերի թարգմանությունը բարձր մակարդակի վրա չէ, ապա պետք է օգնել այդ երկրին, այլ երկրների կրթական փորձագետները, մասնավորապես, բարելավելու համար թարգմանության որակը: Մենք աշխատում ենք ինչպես Հայաստանից բերված դասագրքերի վրա, այնպես էլ Ադրբեջանից, և մեր փորձագետները աշխատում են ոճաբանության վրա, և մենք իհարկե կներգրավենք նրանց փորձագետներին, երբ գրքերը պատրաստ կլինեն, որպեսզի նրանք աշխատեն ինչպես ոճաբանության վրա, այնպես էլ բովանդակության, որպեսզի թարգմանությունը լինի բարձր մակարդակով, որպեսզի դասագրքերը լինեն ուսումնական մակարդակի վրա », – ասաց կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին:
Հայոց լեզվի և գրականության դասագրքերի խնդիրն արդիական է արդեն երրորդ տարին, երբ դասագրքերը անցկացնել սահմանով դարձավ անհնար: Ներկայում Ջավախքի դպրոցների հայոց լեզվի և գրականության դասագրքերն արդեն մաշված են ու հնացած: Երկար տարիներ, Վրաստանը փորձում է լուծել ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասագրքերի խնդիրը, սակայն մինչ օրս արդյունքները աննշան են:
Քրիստինե Մարաբյան